Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Պատրաստվեք հրաժեշտի գործող Սահմանադրությանը

Պատրաստվեք հրաժեշտի գործող Սահմանադրությանը
03.10.2015 | 19:57

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը վերջնական տեսքի է բերել սահմանադրական փոփոխությունների փաթեթը և ներկայացրել ԱԺ: Նախագիծը հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստում կդրվի քվեարկության: Դատելով նախորդ քառօրյայում և արտահերթ նիստում կայացած քննարկումներից՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանում կընդունվի և մինչև տարեվերջ կանցկացվի հանրաքվեն: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հավատացրել է, որ քննարկումների ժամանակ բարձրաձայնված «մտահոգությունները, անկախ քաղաքական թիմի պատկանելությունից, իրենց լուծումները գտել են փոփոխված նախագծում»: Մասնավորապես՝ կայուն մեծամասնության դրույթը, որ պարտադիր պայման էր, փոխվում է՝ դառնալով «կարող է անցկացվել երկրորդ փուլ»: Հարցը կարգավորվելու է նոր Ընտրական օրենսգրքով: Ընտրիչների ինստիտուտն էլ կարող է բեկանվել: Բնականաբար՝ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու նախագծին ամբողջ կազմով, համենայն դեպս նրանք, ովքեր կմասնակցեն նիստին: Նախագծին կողմ է քվեարկելու նաև ԲՀԿ-ն, որ այլևս իշխանության վերարտադրման վտանգ չի տեսնում և մասնակցելու է «Այո»-ի արշավին: Խմբակցությունը հայտարարել է, որ Սահմանադրության նախագծին «կողմ» քվեարկելու որոշումը պարտադիր է ԲՀԿ բոլոր անդամների համար և պատժամիջոցներ է կիրառելու, եթե կուսակցության անդամները «դեմ» քվեարկեն: Թերևս Սահմանադրության նախագծի քվեարկությունը պատճառ դառնա, որ ԲՀԿ-ից հեռանան ևս երկու կամ երեք պատգամավոր, որ պատրաստվում են «դեմ» քվեարկել, իսկ հետո միանալ Վարդան Օսկանյանի ստեղծելիք կուսակցությանը: Բայց Վարդան Օսկանյանի կուսակցությունը ստեղծվում-ստեղծվում ու չի ստեղծվում:

Կողմ կքվեարկի նաև ՀՅԴ-ն, որ խորհրդարանական կառավարմանն անցումը համարում է իր հաղթանակը և ավելի զիլ է քարոզում, քան ՀՀԿ-ն:
ՀԱԿ-ը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու, բայց խմբակցության մասնատվածության բերումով՝ միասնական քվեարկություն չի ստացվի, Լևոն Զուրաբյանի ու Արամ Մանուկյանի «դեմ»-ին, իրենց «դեմ»-ը կհավելեն Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինանը, իսկ Լյուդմիլա Սարգսյանը հազիվ թե դեմ քվեարկի: Բացականեր էլ կարող են լինել:
«Ժառանգությունը» ևս դեմ է, բայց միայն ի դեմս Զարուհի Փոստանջյանի, Ռուբիկ Հակոբյանը հեռացավ կուսակցությունից ու խմբակցությունից, «Ազատ դեմոկրատների» քվեարկության պատկերը կպարզվի քվեարկության ժամանակ:
ՕԵԿ-ը ևս վերջնական «այո» կամ «ոչ» չի ասել: Դատելով խորհրդարանական քննարկման ժամանակ հնչած ելույթներից՝ ՕԵԿ-ը հակված է «դեմ»-ին, բայց ելնելով կուսակցության կառուցողական քաղաքականությունից՝ կարող են ընտրել ազատ քվեարկության տարբերակը, ձեռնպահ մնալ, չքվեարկել, կամ «կողմ» քվեարկել՝ հայտարարելով, որ իրենց ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մասը ընդունվել է, ուստի դեմ լինելու հիմքեր չկան:
Բոլոր դեպքերում՝ ՀՀԿ-ն ունի բավարար հիմքեր, որ հայտարարի՝ «Կոնսոլիդացիա կա»: Վենետիկի հանձնաժողովի, ԵԽԽՎ-ի պահանջները կատարված են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Իսկ «ոչ»ականնե՞րը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ անժամանակ է համարում սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելը և ամառվանից պատրաստվում է այդ թեմայով հարցազրույց տալ: Նույնիսկ հրադադարի խախտման վերջին դեպքերը, տասնյակ հայտարարություններն ու հանդիպումները նրան չմղեցին հարցազրույցի սխրանքին: Ազդարարված կուսակցությունն էլ ի հայտ չի գալիս: ՀԱԿ-ի, «Ժառանգության» մասնակցությամբ երեկ քաղաքացիական ուժերը հանրահավաք արեցին՝ ընդդեմ Սահմանադրության փոփոխության, բայց նրանք էլ իրավիճակ փոխելու մտադրություն, կարծես, չունեն: Գուցե միայն բարոյական ներգործության: Համենայն դեպս՝ երկուշաբթի: Գուցե և հետո:

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ